Դիվերսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Սամվել Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վիրահատությունից հետո նա շարունակում է մնալ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ նրա տեղափոխման հարցը Երեւան չի քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ վիրավորված մյուս զինծառայողի Գոռ Դալմանյանի վիճակում փոքրիկ դրական տեղաշարժ կա, սակայն նրա տեղափոխումն այս պահի դրությամբ նույնպես չի քննարկվում:

 

«Ուրբաթ օրը Երեւան տեղափոխված մյուս երկու զինծառայողների' ժամկետային զինծառայող Էդգար Մարտիրոսյանի և սպա Սարգիս Գաբրիելյանի վիճակը լավ է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում եւ նկատվում է դրական փոփոխություն: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող զինծառայողներին, ապա նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսի մոտ նկատվում է շատ փոքր դրական փոփոխություն»,- ասաց Արամ Ասատուրյանը' հավելելով, որ Երեւանի եւ Ստեփանակերտի բժիշկները յուրաքանչյուր ժամը մեկ կապ են հաստատում, հեռահար խորհրդակցություն իրականացնում զ ինծառայողների առողջական վիճակը քննարկելու համար:

 

Մարտի 19-ին' ժամը 08:30-ի սահմանում ,Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող: