Գեղարքունիքի մարզում մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերը տեղացած ձյան բարձրությունը հասնում է մինչեւ 35 սանտիմետրի, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերվա ընթացքում մարզի բոլոր տարածքներում ճանապարհը սպասարկող կազմակերպություններն իրականացրել եւ ցերեկվա ընթացքում էլ շարունակում են իրականացնել ճանապարհների մաքրման աշխատանքներ: Մար տի 23-ի ժամը 10.30-ի դրությամբ փակ են մնում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում եւ Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհը, որոնք փակվել են ե՛ւ առատ ձյան, ե՛ւ բքի պատճառով: Դժվարանցանելի են Վերին Գետաշեն-Մադինա, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային նշանակության ճանապարհները:

 

«Ճանապարհների մաքրման աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններում: Հուսով ենք, որ հետկեսօրին կամ երեկոյան կողմ դրանք ամբողջությամբ կլինեն բաց եւ անցանելի, եթե եղանակը նոր անակնկալներ չմատուցի»,-նշեց բաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան