Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։  Ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշել է, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը, վստահեցրել է, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։

 

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, և այդ համատեքստում քննարկել են Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

 

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձել են միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։