Մայրաքաղաքի կանաչապատման 2015 թվականի աշխատանքների հետ կապված' քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են հողի փխրեցման, սիզամարգերի ցանքսի նախապատրաստական աշխատանքները: Ծաղկապատման նպատակով ներկրվել է ծաղիկների հերթական խմբաքանակի՝ 1 մլն 100 հազար ծաղկասածիլ: Զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը: Նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում:

 

Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 71 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի ակտիվացնել այս ուղղությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքները՝ հատկանշելով, որ արդյունքները որոշ չափով արդեն նկատելի են դառնում:

 

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ ամենօրյա սանմաքրման աշխատանքները: Նշվել է նաև, որ նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են տարվել 65 հասցեներում:

 

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ոլորտում իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք, իսկ 1 հասցեում կատարվել են քանդման աշխատանքներ: Շատրվանների գործարկման ընթացքի վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կատարվում են ջրավազանների ընթացիկ նորոգման և ներկման աշխատանքներ: