Կուբա այցը նպատակամղված է Հավանայի հետ «քաղաքական համաձայնության եւ համագործակցության» հասնելուն օժանդակելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին երկրի մայրաքաղաք ժամանելուց հետո հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

 

ԵՄ-ն «հույս ունի օգտագործել նոր փուլը, որի շրջանակներում «սառցահալք է դիտվում Կուբայի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերություններում», ասել Է Մոգերինին: Նա նշել է, որ «Եվրամիության նման բարձրաստիճան ներկայացուցիչն առաջին անգամ է այցելում կղզի»:

 

Մոգերինին հավելել է, որ «ողջունում է» Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների՝ վերջերս հայտարարված վերականգնման գործընթացը: ԵՄ-ն, նրա խոսքով, «ցանկանում է նպաստել նոր փուլում կղզու առեւտրական հարաբերություններին»:

 

Կուբա այցի շրջանակներում Մոգերինին մտադիր է բանակցություններ վարել երկրի կառավարության մի շարք անդամների ու ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի եւ էկոնոմիկայի նախարար Մարինո Մուրիլիոյի հետ: Մինչ այժմ հայտնի չէ, թե նրան կընդունի արդյոք Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԵՄ-ն Հավանայի հետ երկխոսություն է վարում երեք կարեւոր ուղղությամբ՝ համագործակցություն, քաղաքական երկխոսություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն: Բանակցություններում առանձնակի տեղ ունի նաեւ առեւտուրը, քանի որ Եվրամիության երկրները երկրորդ են կղզու առեւտրական գործընկերների թվում՝ զիջելով միայն Վենեսուելային: 2013 թվականի արդյունքներով՝ Կուբայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի ծավալը հասել է 3,6 մլրդ դոլարի: