Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակում մարտի 20-ին հանդիպում է կայացել ՍԴՀԿ կենտրոնական վարչության և «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր խորհրդի ներկայացուցիչների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, Կենտրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր խորհրդի ներկայացուցիչներ Գառնիկ Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը և Սոս Գիմիշյանը։

 

«Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր խորհրդի ներկայացուցիչները, շնորհավորելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 128-ամյակը, առանձնացրել են այն կարևորագույն դերն ու նշանակությունը, որն ունեցել և շարունակում է ունենալ ՍԴՀԿ-ն հայ քաղաքական իրականության մեջ, ազգային և հայապահպան խնդիրներում իր հավասարակշռված և խոհեմ պահվածքով։

 

Կողմերը քննարկել են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ առնչվող հրատապ խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած դիրքորոշումները, ինչպես նաև պայմանավորվել են համագործակցությունն իրականացնել պարբերաբար կազմակերպվող հանդիպումներով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համազգային խնդիրերի շուրջ ջանքերի համատեղմամբ։