Թուրքիայի ներքաղաքական կյանքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նման դիտարկում է արել թուրքագետ Լեւոն Հովսեփյանը' ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադառնալով այդ երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությանը, որով կառավարության և նախագահ Էրդողանի միջև առկա յուրատեսակ հակասություններն ավելի պարզ կերպով ջրի երես ելան, ինչը ցնցեց ողջ ներքաղաքական կյանքը: «Հակասությունները վերաբերում են քրդակ ան հիմնախնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ կառավարության ու նախագահի մոտեցումներին: Նախ, Էրդողանը դեմ էր արտահայտվել քրդական հիմնախնդրի կարգավորման ու բանակցությունների հետ կապված Դիտորդական խմբի ստեղծման կառավարության նախաձեռնությանը և խսիտ քննադատել կառավարության մի քանի անդամների' Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմանն ու բանակցությունների արդյունքում հրապարակված առաջարկ-փաթեթին: Փոխվարչապետ Արընչն էլ, խիստ քննադատելով Էրդողանի' կառավարության դեմ հնչեցված մոտեցումները, դրանք որակել էր որպես նախագահի կողմից միջամտություն կառավարության քայլերին»,-պարզաբանում է Հովսեփյանը:

 

Թուրքագետի դիտարկմամբ' Արընչն Էրդողանի քննադատոական մոտեցումներն անընդունելի էր համարել և կոչ էր արել նախագահին' զերծ մնալ կառավարության գործերին իր լիազորություններից դուրս միջամտություններից: «Նախ, այս զարգացումները կարելի է դիտարկել երկու տեսանկյունից' նախընտրական և համակարգային: Չի բացառվում, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին կատարված լինի դերերի բաշխում' թուրքական հասարակության համար զգայուն հիմնախնդրի նկատմամբ հասարակական ընկալումներն ավելի ուղղորդված ձևով կառավարելու համար: Համակարգային առումով հնարավոր է, որ հակասությունները նախագահի և կառավարության միջև, այդուհանդերձ, կան և դրանք կարող են խորանալ ոչ միայն քրդական հիմնախնդրի կարգավորման հարցում. վերջին շրջանում որոշ գործընթացներ ի ցույց էին դնում առկա հակասությունները»,-եզրափակում է Լեւոն Հովսեփյանը: