Քրդական փեշմերգա ուժերը մարտի 24-ին կասեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածում՝ Սինջարի մերձակայքում, «Իսլամական պետության» հարձակումը՝ կորուստներ պատճառելով ահաբեկիչներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ԻՊ-ն երեք կողմից հարձակում է գործել քրդական փեշմերգա ուժերի դիրքերի վրա: Կողմերի միջև բախումների ժամանակ երեք ահաբեկիչ սպանվել, ևս վեցը վիրավորվել են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Սինջարի մերձակայքում եզդի զինյալներին տեղափոխող մեքենայի մոտ, որի հետևւանքով մեկական զոհ ու վիրավոր է գրանցվել:

 

ԻՊ-ն հարձակում է իրականացրել նաև Ֆալլուջա քաղաքի հարավում: Անբարի մարզի անվտանգության աղբյուրների փոխանցմամբ, իրաքյան անվտանգության ուժերը, ցեղախմբերի հետ, ահաբեկիչներին մեծ վնասներ են պատճառել: Այդպիսով ձախողվել է ԻՊ-ի հարձակումը, իսկ իրավիճակը անվտանգության ուժերի վերահսկողության տակ է:

 

Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ, արդեն որոշված է առաջիկա երկու օրում մտնել Անբարի մարզի հյուսիս-արևելքում գտնվող Քարամա շրջան:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: