Այսօր ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ քննարկում ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների, պատմական կեղծարարության և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:

 

 

Քննարկման մասնակիցներից էր քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ Նարեկ Մալյանը, ով ցեղասպանությունը «գոծողությունների փունջ» կոչեց, քանի որ այն միայն սպանությունների շարք չէր. դրանից հետո գալիս էր ժխտման փուլը: Բանախոսը խոսեց Հայոց Ցեղասպանության հատկապես մշակութային շերտի մասին:

 

 

«Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները պայթեցվում էին, գերեզմանները վերածվում էին դաշտերի, որտեղ զբաղվում էին եգիպտացորենի և հացահատիկի մշակմամբ, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ բնակեցվում թուրք կամ քուրդ բնակչության կողմից և անվանափոխվում էին»,- ասում է Նարեկ Մալյանը և բերում օրինակ. 1914 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում հաշվարկվում է ոչ պակաս, քան 2549 ծխական համայնք, այդ թվում՝ ավելի քան 200 վանք և ոչ պակաս 1600 եկեղեցի։ Ցեղասպանության քաղաքականության իրականացման ընթացքում և էթնիկ զտումներից հետո վերացվեցին բազմաթիվ հայկական ճարտարապետության հուշարձաններ։ Շատ տաճարներ ավերվեցին, ավելի շատերը վերածվեցին մզկիթների և իջևանատների։

 

 

Քննարկմանը մասնակցում էր նաև քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով իր խոսքում նշեց, որ այսօր Թուրքիան ոչ միայն չի նախատեսում ճանաչել Ցեղասպանությունը, այլ նրանք գծում են Թուրքիայի սահմաններն ապագայի համար: Նկատում է, որ Թուրքիան իր քաղաքականությունն է իրականացնում իր տարածքները վերադարձնելու նախկին օսմանյան կայսրության չափերին:

 

 

«Թուրքիան մեծացնում է իր ազդեցության գոտիները, իսկ այդ քաղաքականության գլխավոր խոչընդոտներից մեկը հայկական հարցն է»,- ասում է քաղաքագետը և կարևորում ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. «Հիմա մենք 100-րդ տարելիցի միջոցառումներն ենք իրականացնում: Հնչեց նաև հռչակագիրը, որի հիմնական մեսիջը հայկական հարցը միջազգային գործոն դարձնելն է: Միջազգային ճանաչումը նախ և առաջ մեր անվտանգության երաշխիքն է: Այն երկաթյա պատնեշ է, որը կսանձի Թուրքիայի նկրտումները»,- ասաց Հրանտ մելիք Շահնազարյանը:

 

 

Թեման իր մասնագիտության տեսանկունից քննարկեց նաև հոգեբան Մարինե Սահկայանը, ով խոսեց Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն ու դրանցից ձերբազատվելու լուծումների մասին. «Մենք դժվար ենք միավորվում, որովհետև մեր խմբային մտածողությունը պետք է առիթ տար ազգային խնդիրների լուծման, ինչը մենք չունենք: Հայ ազգը անհատապաշտ է, որը շատ վնասող հատկութուն է. դարերով այն մեզ վնասել է:

 

 

Հոգեբանը նկատում է նաև, որ մարդիկ բռնի ոչ իրենց կամքով դարձան գաղթական: Հոգեբանական գիտությունը ապացուցում է, որ օտար երկրում ապրելով՝ մարդը ոչ միայն ունենում է ադապտացիոն խնդիրներ, նա ունենում է նաև «կարոտախտ» բավականին բարդ հիվանդությունը: Հոգեբանը նկատում է նաև, որ պատահական չէին նաև հետագայում սերունդերնի անունները՝ Վշտուհի, Գաղթուհի: