Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում մարտի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել է «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:

 

Բացման խոսքով հանդես է եկել Ալեքսանդր Նազարովը, ով խոսել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին։

 

Իր ելույթում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները' խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

 

Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսել է Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:

 

Միջոցառման ընթացքում ընթերցվել են Հայաստանին նվիրված' Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաև հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչել են հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը: