Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով Հայաստանի պետական կառավարման ակադեմիան համագործորկցություն է սկսում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ: Բուհի ղեկավարությունը հույս ունի ստորագրված հուշագրով ավելի թիրախավորված կրթություն իրականացնել և ուսանողներին համապատասխան աշխատանքի տեղավորել: Հուշագրի ստորագրման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ փորձում են բուհի հետ սերտ կապեր ստեղծելով' լուծել նաև պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների խնդիրը:

 

«Կարևոր է ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որ բուհի շրջանավարտները կարողանան միանգամից աշխատանքի անցնել պետական մարմիններում, որպեսզի անհրաժեշտ լինի նրանց հետ ևս 6 ամիս կամ 1 տարի լրացուցիչ աշխատանքներ տանել և սովորեցնել աշխատել: Արդեն բուհում նրանք պետք է տիրապետեն անհրաժեշտ գիտելիքներին և հմտութուններին: Պետական համակարգում այսօր կա լավ ու որակյալ մասնագետների պահանջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նախարարը: Արտեմ Ասատրյանը նշեց, որ ինքն էլ է եղել Պետական կառավարման ակադեմիայի սան և կարծիք հայտնեց, որ դա լավագույն դպրոցն է, որ կարող է ճանապարհ հարթել դեպի պետական համակարգ:

 

Ակադեիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հայտնեց, որ, իրենց տվյալներով, 2013 թվականի շրջանավարտների ավելի քան 87 տոկոսն աշխատում է: «Այդ ցուցանիշը բավականին բարձր է Հայաստանի պայմաններում, սակայն չենք ցանկանում այդքանով սահմանափակվել: Հետագայում էլ պետք է թիրախավորված աշխատանք տանենք ուսանողների հետ: Մենք ընդունելության ժամանակ դիմորդների հետ անցկացնում ենք մասնագիտական կողմնորոշման փուլ, որ հասկանանք նրանց անձնային հատկանիշները և տեսնենք' արդյոք կարո՞ղ են կառավարիչ աշխատել: Չենք թերագնահատում մասնագիտական գիտելիքները, սակայն կառավարիչ աշխատելու համար առաջնային են հենց անձնային հատկությունները»,- ասաց Լոքյանը:

 

Հուշագրի ստորագրումից հետո նախարար Ասատրյանը բաց դաս անցկացրեց ուսանողների հետ' նրանց ներկայացնելով Հայաստանի սոցիալական համակարգի կառուցվածքը և նախորդ տարիներին իրականացված ծրագրերը: