Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նպաստել Հայաստանի անվտանգությաքն մակարդակի բարձրացմանը:

 

 

«Ես բազմիցս անդրադարձել եմ այդ խնդիրներին, որոնք և՛ քաղաքական, և՛ տնտեսական նշանակություն ունեն, ու նաև կապված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարի անցկացվելիք միջոցառումների հետ: Միանգամից ակնկալել, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլուծի բոլոր այս խնդիրները, չի կարելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ԵՏՄ-ին չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որը հանդիսանում է նաև երկրի անվտանգության երաշխավորներից մեկը, հատկապես Թուրքիայի առումով, նշանակում է չմտածել ապագայի մասին: Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքների առումով անվտանգությունն ապահովելու հարցում Հայաստանը խնդիրներ չունի, իսկ Ռուսաստանը անվտանգության առումով Հայաստանին գլոբալ աջակցություն է ցույց տալիս: