ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին' ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության հանգ ամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

Նախաքննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, հարվածի հետեւանքով Արամ Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս' առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հոդվածով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: