Times.am-ը գրում է.

 

«Որքան էլ հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է կոծկել իր զոհերի քանակն ու դրանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն պահում խիստ վերահսկողության տակ, այնուամենայնիվ որոշ տվյալներ այս կամ այն կերպ դառնում են հանրության սեփականությունը: 

 

Այսպես, մարտի 24-ին ադրբեջանական «Moderator.az» լրատվակայքում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկում համածառայակցի կողմից արձակված գնդակից մահացել է Թովուզի շրջանից զորակոչված Սեմերխան Էթիբար օղլու Յուսիֆովը:

 

Առաջին հայացքից այս տեղեկատվության մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Բայց, ինչպես ասացին պաշտպանության բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները, ասկյար Յուսիֆովի մահը վրա է հասել դեռևս մարտի 19-ին, այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում ոչնչացվել էր ադրբեջանական հատուկ նշանակության դիվերսիոն հետախուզական խումբը: Ստացվում է այնպես, որ Ադրբեջանում գերադասում են «մեծարել» հայերի դեմ մարտի ուղարկած «շեհիդին»՝ նրա մահը ներկայացնելով որպես համածառայակցի կողմից կատարված գնդակահարություն:

 

Որպես կանոն հակառակորդի ամեն մի անհաջող դիվերսիոն փորձից հետո նման տեղեկություններ մերթընդմերթ հայտնվում են ադրբեջանական սոցցանցերում: Ուստի վստահ ենք, որ շուտով հայտնի կդառնան ադրբեջանական բանակում արձանագրված հերթական կորուստների մասին, որոնք եղել են հոսանքահարումից, զենքի հետ անշզգույշ վարվելուց, ջրում խորտակվելուց, ճաշարանի տանիքից ընկնելուց կամ էլ հայ «համածառայակցի» գնդակից»: