Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ մասնակցել է HMMWV ամերիկյան ռազմական մեքենաներով բեռնված ինքնաթիռի դիմավորման արարողությանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Բորիսպոլի օդանավակայանում ունեցած ելույթի ժամանակ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ամերիկյան իշխանություններին՝ Ռուսաստանն ագրեսոր ճանաչելու համար:

 

«Համերների» մատակարարման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած աշնանը: Ընդ որում՝ ԱՄՆ-ում այս մեքենաների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Իրաքում այս մեքենաներն իրենց լավագույնս չեն դրսևորել:

 

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան կստանա 30 զրահապատ մեքենա: Սակայն մարտական կամ «մահաբեր» զենքի մատակարարումից Վաշինգտոնը շարունակում է ձեռնպահ մնալ՝ չնայած անգամ վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին, որով Բարաք Օբամային կոչ է արվում կատարել համապատասխան մատակարարումները: