ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած'«Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել» վերտառությամբ հաղորդագրության կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերի վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետևողականորեն ուսումնասիրել է քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձից ստացված բոլոր դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

 

 

«Մասնավորապես, տվյալ դեպքում քաղաքացու գրավադրված բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ինչ վերաբերում է կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի հիմնավորվածությանը, ապա այն բխում է դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարման անհրաժեշտությունից, քանի որ դրանում լրացուցիչ պարունակվում է նաև վարկի մնացորդ գումարից տույժերի և տոկոսների գումարի բռնագանձում, ինչն անհնարին կդառնա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օր ենքի 35.4. հոդվածի 2-րդ մասով նախատեսված' լոտի գնի առաջին իսկ իջեցման դեպքում:

 

 

Հետևաբար, պարտապանի կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի վերացումը ռիսկային է դարձնում դատական ակտի լիարժեք կատարման հնարավորությունը և դրանով իսկ' տվյալ վարույթով պահանջատիրոջ օրինական շահերի ապահովումը»,-նշված է հայտարարության մեջ: