ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու աջակցել H-RES 154 «Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւին, որը նախորդ շաբաթ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի դատին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասբարեզ»-ը,կոչով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամներ Պոլ Գրիգորյանը , Միչ Օֆարելը, Փոլ Քորեցը, Քաղխորհրդի նախագահ Հերբ Ուեսսոնը: Բանաձեւը կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության հետեւանքների համար:

 

«Հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում է Լոս Անջելեսում: Լոս Անջելեսը տուն է նրանց համար, այստեղ ապրում են Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները: Սա շատ կարեւոր է մեր քաղաքի համար: Լինելով երկրի երկրորդ մեծ քաղաքը, շատ կարեւոր է ունենալ Սպիտակ Տան աջակցությունը 154 բանաձեւի ընդունման հարցում: Ես համոզված եմ, որ գործողությունները, որ մենք ձեռնարկում ենք, կլսվեն եւ կքննվեն Վաշինգտոնում եւ այն մեկ քայլ առաջընթաց կգրանցի ճանաչման եւ հետեւանքների վերացման հարցում»,- ասել է Փոլ Գրիգորյանը:

 

Բանաձեւը շեշտում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է Ապրիլի 24-ին' Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ձերբակալությամբ, ինչին հետեւել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը' դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում եւ մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում:

 

1915-1923 թթ. իրականացված Ցեղասպանության հետեւանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է եւ 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են: Վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:

 

«Հայոց Ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների եւ ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց Ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստիրայի, Ֆրանսիայի, Գերմանիաի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի եւ այլ երկրների ազգային արխիվներում»,- ասված է բանաձեւում:

 

«Ճշմարտություն եւ Արդարություն» բանաձեւը, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատ ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն եւ Ֆրենկ Փալոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին:

 

Քաղխորհրդի բանաձեւը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր հայտարարությունն առ այն, որ «Հայոց Ցեղասպանությունը անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»: