Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստիպված է դադարեցնել մարդասիրական օգնության տրամադրումը 700 հազար մարդու, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիսում՝ «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ ավելացնելով, որ տարածքը, որտեղ մարդասիրական օգնություն էր տրամադրվում, ընդգրկում էր Հալեպի, Հասաքեի, Դեր Զորի և Ռակկայի մարզերը: Այստեղ փակվել են մարդասիրական գործակալությունների ներկայացուցչությունները: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում ՄԱԿ-ի սննդի և գյու ղատնտեսական կազմակերպությունները նույնպես նվազեցրել են օգնությունների չափը երկրի հյուսիսում:

 

Վալերի Ամոսի խոսքով' ԻՊ-ն շարունակում է շրջափակման մեջ պահել սիրիական քաղաքները: Շրջափակման մեջ գտվող սիրիացիների թիվը կազմում է 228 հազար:

 

«Այսպիսով, Սիրիայում շրջափակման մեջ գտնվող մարդկանց թիվը 212 հազարից աճել է՝ հասնեով 440 հազարի»,- նշել է Վալերի Ամոսը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Բացի այդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը՝ հաստատվելով հարևան երկրներում: Լիբանանում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը, մոտ մեկ միլիոն սիրիացիներ ապաստան են գտել Թուրքիայում: