Թուրքիայի Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի կողմից տարածաշրջանում Իրանի դիրքորոշման քննադատությանը Թեհրանի խիստ պատասխանը չի ուշացել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Իրանի եւ աշխարհի ուժերի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի թեմայով Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող բանակցությունների շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը խստորեն է արձագանքել Էրդողանի այն հայտարարությանը, թե Իրանն աջակցում է Եմենում շիա ապստամբ հոուշիներին:

 

 

«Լավ կլիներ, որ ռազմավարական սխալներով եւ սադրիչ քաղաքականությամբ տարածաշրջանում անիմաստ վնասների պատճառ հանդիսացողները պատասխանատվություն ցուցաբերեն եւ իրենց հնարավորություններն օգտագործեն խաղաղություն եւ հանգստություն ապահովելու համար», - ի պատասխան Էրդողանին ասել է Զարիֆը:

 

 

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ' այսօր Անկարայում Փղոսկրի Ափի Հանրապետության Նախագահ Ալասանի Վալտարի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանն Իրանին մեղադրել է տարածաշրջանում գերիշխանության ձգտման մեջ:

 

 

«Իրանը գերիշխանության է ձգտում տարածաշրջանում: Դա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցի երկրներին: Դա անհանդուրժելի է, եւ Իրանը դա պետք է տեսնի», - ասել է նա' մեկնաբանելով Եմենում ռազմական գործողությունները:

 

 

Էրդողանը Եմենում ընթացող հակամարտությունը «աղանդավորական» է անվանել, եւ Իրանին կոչ արել դադարել պաշտպանել շիա ապստամբ հոուշիներին:

 

 

«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Նա պետք է իր ուժերը դուրս բերի Եմենից, ինչպես նաեւ Սիրիայից եւ Իրաքից, եւ հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», -ասել է Էրդողանը:

 

 

Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուրի փախուստից հետո, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Պարսից ծոցի պետությունների կողմից Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի եւ մի քանի ռազմական օբյեկտների վրա օդային ավիահարվածներ հասցնելու գործողությունների առնչությամբ Իրանը հայտարարել էր, որ դեմ է Եմենի ներքին գործերին արտաքին միջամտությանը, ինչը պաշտոնական Թեհրանի կարծիքով, հղի է Եմենում սիրիականին նման ճգնաժամի կրկնությամբ:

 

 

Էրդողանը երեկ հայտարարել էր, որ Թուրքիան պաշտպանում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի 10 երկրների համատեղ ռազմական գործողությունները Եմենում, որոնք ուղղված են այդ երկրի ընտրված Նախագահ Մանսուրի օրինական կառավարության պաշտպանությանը: