ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» 2014-2015թթ. ծրագրի շրջանակներում մարտի 13-22-ը Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա և Հայկական շաբաթօրյա դպրոցներում վերապատրաստում է անցկացրել հայերենի ուսուցիչ Աստղիկ Բալայանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 39 ուսուցիչ և կրթական հանձնախմբերի ներկայացուցիչ: Հիմնականում գործնական բնույթ կրող դասընթացները նպատակաուղղված են եղել աշակերտների գրաճանաչության գործի արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կարդալու կարողության զարգացման ժանանակակից մոտեցումներին, խոսքի զարգացման աշխատանքների, ինչպես նաև գրավոր խոսքի կատարելագործմանն արդյունավետ միջոցների առանձնահատկություններին:

 

 

Մասնագետը ծանոթացել է դպրոցների առօրյային, մասնակցել ուսումնական աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ: Աստղիկ Բալայանը դպրոցներին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության նվերները, կոչ արել առավել ակտիվ մասնակցել Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերին, միջոցառումներին:

 

 

Մասնագետի հավաստմամբ' Լոնդոնի հայկական դպրոցների հիմնական դժվարությունները կապված են ուսումնական սեփական տարածքի բացակայության հետ. ուսուցիչները ստիպված են յուրաքանչյուր ուսումնական օր իրենց ուսումնական նյութերը տեղափոխել մի հաստատությունից մյուսը: Նկատելի են նաև սովորողների թվաքանակի ապահովման հետ կապված խնդիրներ, քանի որ ընտանիքներում աստիճանաբար թուլանում է հայերենի նկատմամբ հետաքրքրությունը և դրանով պայմանավորված նաև վերաբերմունքը հայերենի ուսուցման նկատմամբ: Ուստի մանկավարժները մշտապես ունեն շարունակական մեթոդական աջակցության, ուսումնական նյութերի թարմացման կարիք:

 

 

Գևորգ Թահթայանի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և Հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Ռամելա Ղազարյանը, շնորհակալական նամակ հղելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար, նշել են, որ Աստղիկ Բալայանը համայնքի ուսուցիչներին է փոխանցել անհրաժեշտ վերապատրաստման նյութեր և իր աշխատանքով մեծ խանդավառությամբ համակել ուսուցիչներին և աշակերտներին:

 

 

Տնօրենները հույս են հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ, և ներկայացրել են լրացուցիչ ուսումնաօժանդակ գրականությամբ դպրոցներին ապահովելու խնդրանք: