Այսօր ՝մարտի 29-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով:

 


Ծաղկազարդի առթիվ բոլոր եկեղեցիներում ժամը 11.00 մատուցվելու է տոնական ս. պատարագ՝ բաց խորանով: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

 

 

Երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.00) կկատարվի դռնբացեքի արարողությունը: Այն միշտ կատարվում է Ծաղկազարդին՝ երեկոյան ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Այն խորհրդանշում է նախամուտքը, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը:

 

 

Դռնբացեքը կատարվում է եկեղեցու դռների, եկեղեցու գավթի դռան կամ Ս. Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը կամ գետինը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»:

 

 

Ծաղկազարդն Արարատյան Հայրապետական թեմում

Այսօր՝ հավարտ ս. պատարագի, թեմի մի շարք եկեղեցիներում կիրականացվեն միջոցառումներ:

ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

 

 

Մալաթիայի ս. Աստվածածին եկեղեցում 13.00 նախատեսվում է «Ալեքս» և «Լույսի աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի 40 երեխաների օրհնության կարգ և թեմի բարեգործական բաժնի կողմից նվերների բաժանում: Նախատեսվում է նաև համայնքի առաջին դասարանի երեխաների օրհնության կարգ և գրպանի աղոթաքգրքերի բաժանում:

 

 

Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում նախատեսվում է միջոցառում հեքիաթի հերոսների մասնակցությամբ, գիպսե արձանիկների վրա ներկում, խաղերի կազմակերպում:

Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում նախատեսվում է միջոցառում հեքիաթի հերոսների մասնակցությամբ և կավճանկարչություն:

 

 

Դավիթաշենի ս. Նահատակաց եկեղեցում նախատեսվում է կավճանկարչության մրցույթ, խաղալիքների բաժանում, ազգային խաղերի կազմակերպում, եկեղեցու երգչախմբի կողմից հայրենասիրական երգերի կատարում, ձեռքի աշխատանքների ցուցադրություն.իրենց աշխատանքները կցուցադրեն եկեղեցու խմբակներ հաճախող երեխաները:

 

 

Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախատեսվում է նվերների բաժանում և կավճանկարչության մրցույթ շրջակա գյուղերի կիրակնօրյա դպրոցի սաների համար:

Արգավանդի ս. Սարգիս եկեղեցում նախատեսվում է համայնքի, մանկատան ու կիրակնօրյա երեխաներին կոնֆետների բաժանում, որից հետո նրանց համար հետաքրքիր ժամանց կապահովվի մանկական սրճարանում:

 

 

Վեդու ս. Աստվածածին եկեղեցում նախատեսվում է միջոցառում Վեդու երգի, պարի խմբերի մասնակցությամբ:

Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցում նախատեսվում է կավճանկարչություն կազմակերպել, գիպսե արձանիկների ներկում, եկեղեցու «Մուշ» պարի համույթի կողմից պարային համարների ներկայացում:

 

 

Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցում նախատեսվում է կավճանկարչություն կազմակերպել կիրակնօրյա դպրոցի երեխաների համար,որից հետո նրանց կբաժանվեն սրբանկարներ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին