Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված' ողջ աշխարհում կամակերպվում են բաում միջոցառումներ, Ադրբեջանը շարունակում է լարված պահել իրավիճակը շփման գծում' նոր սադրանքների դիմելով, իսկ Ֆրանսիայում A320 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը կապված է օդաչուի հետ: «Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

 

 

Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Նորվեգիայի որդեգրած պաշտոնական դիրքորոշումը հասցրել է դժգոհության առիթ դառնալ նորվեգացի տարբեր գործիչների շրջանում: Պատմաբան Բյորդ Լարսենը մեկն է այն նորվեգացիներից, ովքեր առաջին իսկ պահից խիստ քննադատեցին երկրի իշխանություններին, որոնք Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու պատճառաբանությամբ պաշտոնապես հրաժարվեցին պետական մակարդակով մասնակցել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին: Այս, ինչպես նաև Ցեղասպանության հարցում Թուրքիայի և միջազգային հանրության պատասխանատվության հարցի շուրջ «Արմենպրես»-ը զրույցել է նորվեգացի պատմաբանի հետ:

 

 

Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 20-ին կայացել է համաժողով' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 

Շվեյցարիայի ԱԺ պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե Շվեյցարիայի Համադաշնությունից ովքեր են ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Իսկ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը կմասնակցի երկրի ղեկավարի մակարդակով եւ այդ մասնակցությունն իր մեջ կպարունակի երեք կոչ' հիշողություն, հարգանքի տուրք զոհերին հիշատակին եւ պատասխանատվություն, որպեսզի հետագայում նման սարսափելի դեպքերը իրադարձություններն այլեւս չկրկնվեն: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 24-ին եւս կայցելի Ծիծեռնակաբերդ և հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմինն անցնող մի քանի օրերին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցու Սուրենյան դահլիճում հաջորդական նիստեր էր գումարել:

 

 

Հայոց ցեղասպանությանն առնչվող անհատական պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս հիմնասյուների համատեքստում: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է այդ հանցագործությունը մուտք գործել հայկական յուրաքանչյուր գյուղ, ընտանիք, համայնք: Տեղի ունեցավ «100 վայրկյան» նախագծի բացումը:

 

 

Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ «Գասշտայգ» հայտնի համերգային սրահում մարտի 17-ին բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 

Կահիրեում տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, ղպտի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքի և ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքի միջև: Արամ Ա կաթողիկոսը, ասորի և ղպտի եկեղեցիների պետերը Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող հայտարարություն են ընդունել:

 

 

Մարսելի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, մարտի 19-ին բացվել է «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը' Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման) կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ:

 

 

Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները մարտի 23-ին Հայոց ցեղասպանությունը չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել: Իսկ մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին կոչ արեց անդրա դառնալ եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը:

 

 

Պատգամավորներն առաջարկեցին դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Արդյունքում' մարտի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, կազմակերպվել են «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով գիտաժողովներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 30 րոպեանոց կարճ քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկել է «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը:

 

 

Հայաստանի հանրապետության կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ քննարկման արդյունքում մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։

 

 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը' ապրիլի 24-ին, կլինի Երևանում:

 

 

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում վերջերս կրկին ներկայացված «Հայոց ցեղասպանության արադարության և ճշմարտության» բանաձևի օրինագիծը խուճապ է առաջացրել մեր հարևան Թուրքիայում:

 

 

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Իսրայելը և մասնավորապես հրեա ժողովուրդը բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու հայերի ցեղասպանությունը: «Հոլոքստի ժամանակ մեկ երրորդին կորցրած ժողովուրդը չի կարող ժխտել մեկ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որը կորցրել է իր բնակչության երկու երրորդին»,- իր հոդվածում նշում է Իսրայելի Բար-Իլանի համալսարանի Միջին Արևելքի հարցերով մասնագետ և ավագ գիտաշխատող Էդի Քոհենը:

 

 

Բուենոս Այրեսի Կուրուչուգա եւ Ժոֆրե փողոցներում շուտով հայկական հետքն ու հայի ներկայությունն ավելի կամրապնդվեն: Բուենոս Այրեսի հայ առաքելական եկեղեցու եւ հայկական կազմակերպությունների շենքի կողքը կառուցվում է Հայոց ցեղասպանության թանգարան, որի բացումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի:

 

 

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության լուսանկարների թեմայով օնլայն ցուցադրություն է ներկայացնում իր կայքում:

 

 

Իտալիայի Տոսկանա նահանգը մարտի 25-ի խորհրդարանական նիստին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Իսկ իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

 

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու աջակցել H-RES 154 «Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւին, որը նախորդ շաբաթ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի դատին:

 

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո Փարիզում տեղի է ունենում «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ. հետազոտության հարյուր տարի» խորագրով մեծ գիտաժողով:

 

 

Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծմանն աջակցելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է «Արդարության երթ» առցանց արշավը:

 

 

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):

 

 

Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

 

 

 

ԼՂ հիմնահարց

 

 

 

Մարտի 23-ի գիշերը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ կրակոցների թիվը նվազել է, լարվածության աստիճանը' նույնպես:

 

 

 

Մարտի 19-ի դիվերսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Սամվել Հակոբյանի առողջական վիճակը մարտի 23-ի դրությամբ շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Վիրահատությունից հետո նա շարունակում էր մնալ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները գործադրեցին բոլոր ջանքերը, սակայն Սամվել Հակոբյանը մահացավ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մարտի 26-ին' ժամը 09:40-ի սահմաններում:

 

 

 

N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ 2015թ. մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ էր Արցախ-Ադրբեջան շփման գիծը շարքային- պայմանագրային զինծառայողի հատելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի մասին:

 

 

Լեհաստանը մեծ անհանգստությամբ է հետեւում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին եւ գտնում, որ միակ ճիշտ ձևաչափը, որ կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

 

 

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետու թյան Զինված ուժերը և ԼՂՀ Պաշտպանության բանակը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին և շփման գծում: Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից վերջին 10 տարիների ընթացքում սպառազինության քանակի զգալի ավելացմանը:

 

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

 

 

Ի տարբերություն Արցախ-Ադրբեջան շփման գծի, որտեղ հակառակորդը շարունակում է սադրանքներ իրականացնել եւ լարված պահել իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

 

 

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը մարտի 26-ին հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ շփման գծում իրավիճակի սրման համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:

 

 

 

Ներքաղաքական

 

 

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին մեղադրեց հանրությանն ապակողմնորոշելու և պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու մեջ:

 

 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է: Նույն խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կհրաժարվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:

 

 

Իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունն այլեւս նպատակահարմար չի համարում: «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին շրջանում կուսակցությանն անդամագրվելու նոր հայտեր է ստանում, որոնց թվում են նաև ԲՀԿ-ն լքած անձինք: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է մնում իր գաղափարներին և ծրագրային դրույթներին:

 

 

ՀՅԴ-ն առաջընթաց է նկատում իշխանություններին առաջարկած 7 կետերի կատարման գործընթացում: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին խոսակցություններին:

 

 

 

Կարեն Ջանիբեկյանի մահը

 

 

 

Մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո' 77 տարեկանում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը: Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով:

 

 

Բարեկամները, հարազատները, գործընկերները և պարզապես ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի վաստակը գնահատողները մարտի 24-ին մասնակցեցին սիրված մտավորականի հոգեհանգստին: Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հոգեհանգստին մասնակցեցին նաև մի շարք բարձրաստիճան անձինք:

 

 

Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Կարեն Ջանիբեկյանին բնորոշեց որպես հայ թատրոնի բազմագույն և բազմաժանր դերասան:

 

 

 

Եվրատեսիլ

 

 

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:

 

 

 

ՀԱՊԿ

 

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Նախագահը ՀԱՊԿ-ի պաշտոնյաների հետ քննարկեց «Անսասան եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման ընթացքը

 

 

 

A320 ինքնաթիռի կործանումը

 

 

 

Ֆրանսիայի հարավում մարտի 24-ին կործանվեց Germanwings ընկերության A-320 մարդատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Դյուսելդորֆ-Բարսելոն չվերթը: Ինքնաթիռում կարող էր լինել 148 մարդ՝ 142 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ:

 

 

Մարտի 24-ին հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում կործանված օդանավի առաջին սև արկղը: Վերջին տեղեկությունների համաձայն' Բարսելոնայից Դյուսելդորֆ չվերթ կատարող օդանավի կործանման արդյունքում զոհվել է 150 մարդ: Ֆրանսիայում մարտի 24-ին A320 ինքնաթիռի կործանման զոհ են դարձել 15 երկրների քաղաքացիներ:

 

 

Եվրոպայում մարտի 25-ից եռօրյա սուգ է հայտարարված Ֆրանսիայում A320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: A320-ի կործանման վայրում հայտնաբերված «սեւ արկղը» տեղափոխվել Է Փարիզ, որտեղ ֆրանսիացի փորձագետները ձեռնամուխ են եղել տվյալների վերծանմանը:

 

 

Մարտի 25-ին փրկարարները հայտնաբերել են Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»:

 

 

Դյուսելդորֆի դատախազությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի խցիկում դրա ընկնելու պահին եղել Է միայն մեկ օդաչու: Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնեց, որ Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության A320-ի երկրորդ օդաչուն ցանկացել Է ոչնչացնել ինքնաթիռը:

 

 

Գերմանական Germanwings ավիաընկերության А-320 ինքնաթիռի երկրորդ օդաչուի նկատմամբ, որն օդանավն ուղղել Է գետնին, գործ են հարուցել «կանխամտածված սպանություն» մեղադրանքով: Գերմանական ոստիկանությունը կարեւոր հանցանշան է գտել օդաչու Անդրեաս Լյուբիցի տանը, որին համարում են Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի մեղավորը: Նա, ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժվել Է հոգեբույժի մոտ: Օդանավի անձնակազմի հրամանատարը վթարից քիչ առաջ փորձել Է կացնի օգնությամբ ջարդել օդաչուների խցիկի փակ դուռը: