Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ լուսանկարիչը ներկայացրեց գրքում տեղ գտած լուսանկարների ստեղծման նախապատմությունն ու ապրիլի 22-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ (ներկայիս Դիարբեքիր) քաղաքում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները:

 

Լուսանկարչի խոսքով' գրքում ներառվել են իր 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող 100-ից ավելի լուսանկարները, որոնք 1988 թվականից ի վեր արվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում և Թուրքիայում: «Ես սկսեցի այս աշխատանքը երկրաշարժի տարիներին, երբ մարդասիրական խմբի հետ եկա Հայաստան: Այն ժամանակ սիրողական լուսանկարիչ էի, բայց ցանկություն առաջացավ մասնագետ լուսանկարիչ դառնալ: Երկրաշարժից հետո, երբ հումանիտար աշխատանքներն ավարտվեցին, վերադարձա Ֆրանսիա, շարունակվի այդ աշխատանքն այնտեղ, այնուհետև' Ջավախքում, Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքի երկրներում: Գնացել եմ բոլոր այն վայրերը, որտեղ հայեր են ապրել կամ էլ ունեցել են ներկայություն Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո: Արդյունքում ստեղծեցի հայկական հիշողության հիման վրա մի պատմություն' որպես երրորդ սերնդի ֆրանսահայ: Ցանկացա Հայոց ցեղասպանության պատմությունը լուսանկարչության միջոցով փոխանցել»,-ասաց Անտուան Ագուջյանը' շեշտելով, որ իր նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են:

 

«Տատիկ-պապիկս ցեղասպանության վերապրողներ են, մի կողմը Կոմիտասի գյուղից էին (Քյոթահիա), մյուս կողմը' Էրզրումից: Ֆրանսիայում այն քաղաքում, ուր ես մեծացել եմ, շատ վերապրողներ կային, նույնիսկ վայրեր կային, ուր միայն հայեր էին ապրում: Ես կյանքս ապրել եմ այդ պատմությունների ներքո, շատ եմ լսել այն ատելության ու սպանությունների մասին, որ կատարվել են մեզ մետ»,-նշեց լուսանկարիչը:

 

«Լռության ճիչը» գիրքը լույս է ընծայվել ֆրանսերեն ու անգլերեն: Անվանումն էլ խորհրդանշական է, քանի որ ցույց է տալիս համր լուսանկարների «ձայնն ու ճիչը»: «Լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի, շարժում չունի, բայց այդ լռության մեջ ձայն կա: «Լռություն» բառը կապված է նաև նրա հետ, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց Անտուան Ագուջյան:

 

Լուսանկարիչը ապրիլի 22-ին պատրաստվում է մեծ ցուցահանդեսով հանդես գալ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում. կներկայացվեն Հայոց ցեղասպանության հետևանքները ցուցադրող 70 գունավոր ու սև-սպիտակ լուսանկարներ: «Ինձ հրավիրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը քրդեր են ղեկավարում, նրանք ցանկանում են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օրն ընտրվեց ապրիլի 22-ը, որպեսզի ցուցահանդեսի բացումը չխանգարի ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք ցույցերին»,-տեղեկացրեց լուսանկարիչը:

 

Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի նաև 30 րոպեանոց ֆիլմ' Հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերով, հեղինակի ապրումներով, ինչպես նաև ցուցահանդեսում տեղ գտած լուսանկարների ստեղծման պատմություններով: Իսկ հարցին, թե արդյոք չի վախենում այդ օրերին Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին, լուսանկարիչն ի պատասխան ասաց. «Վախի մասին չեմ կարող մտածել: Այդ ծրագիրն ինձ համար այնքան հոգեհարազատ է, որ մտածում եմ միայն դա իրագործելու մասին»:

 

Անտուան Ագուջյանը հիշեց, որ 2011-ի ապրիլի 24-ի օրերին, երբ Ստամբուլում ներկայացավ ցուցահանդեսով, թուրքական բանակում հայ զինվորի սպանեցին հայ լինելու համար: «Ամեն ինչ կարող է պատահել: Թուրքիայում կա մի խումբ, ովքեր ագրեսիվ կերպով պատրաստ են կանգնեցնել հայերի հետ կապված ամեն միջոցառում: Չնայած այդ երկրում շարժում կա, մարդիկ սկսում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, կան մարդիկ, ում միջոցով էլ հնարավոր է դառնում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը»,-ավելացրեց լուսանկարիչը' իր կողմից կատարվող աշխատանքը համարելով մեծ գործի մեկ մ ասնիկը: «Ծովը կաթիլներից է կառուցված, իմ աշխատանքները մի-մի կաթիլ են: Հայ ժողովուրդը միշտ ստեղծել ու կառուցել է այն դեպքերում, երբ ուրիշները ավերել են, այնպես, որ մենք պետք է շարունակենք կառուցել ու մտածել, թե ինչ պետք է թողնենք մեր նոր սերունդներին»,-ավելացրեց նա:

 

Անտուան Ագուջյանը տեղեկացրեց, որ լուսանկարները կներկայացվեն նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում ցուցահանդես անցկացնելու թեմայով զրուցել են «Արմենպրես»-ի տնօրենի հետ:

 

Անտուան Ագուջյանը լրագրող է, նա աշխատում է ֆրանսիական Le Monde թերթում: