A320-ի ավիաաղետի զոհերի գրեթե 90 հարազատներ ու մերձավորներ տեղավորվել են Մարսելի InterContinental Marseille հյուրանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին Քյոլնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Germanwings ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Օլիվեր Վագները:

 

 

«Մարսելի հյուրանոցում աջակցման կենտրոն կստեղծվի զոհերի գրեթե 90 ազգականների ու մերձավորների համար»,-նշել է Վագները: Նա հավելել է, որ այդ կենտրոնում մարդկանց օգնություն ցույց կտան Kenyon միջազգային փրկարար ծառայության 32 մասնագետներ:

 

 

Ներկայում, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Germanwings-ի հատուկ կենտրոններ են բացված Դյուսելդորֆում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆօուրտում և Բարսելոնում:

 

 

Germanwings ընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղևորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի Տրուա-Էվեշե լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են:

 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դյուսելդորֆի ոստիկանությունն ստեղծել է 100 փորձագետներից բաղկացած «Ալպեր» հատուկ հանձնախումբը, որն զբաղվում է ոչ միայն կործանված A320-ի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լյուբիցի կյանքի մանրամասները պարզելով, այլև այնպիսի տեղեկություններ հավաքելով, որոնք կարող են օգնել ճանաչելու Ֆրանսիայում աղետի զոհ դարձած Գերմանիայի քաղաքացիներին:

 

 

Ոստիկանները հոգեբանների հետ համատեղ արդեն այցելում են զոհված ուղևորների՝ ԳՖՀ-ում բնակվող մերձավորներին ու ազգականներին, ինչպես նաև աղետյալների ատամնաբույժներին՝ նպատակ ունենալով պարզել այնպիսի մանրամասներ, որոնք կկարողանան օգնել զոհերի ճանաչմանը: Մասնավորապես, փորձագետներն զբաղվում են զոհերի մարմինների վրա հնարավոր դաջվածքների վերաբերյալ տեղեկատվության հավաքմամբ, մազերի նմուշներ են հավաքում սանրերից և գենետիկ այլ նյութեր: