ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արդեն հայտնել է, որ հակված է դիմել ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Նա նշել է, որ երկու տարբերակ կա՝ նոր ընտրություններ կազմակերպել և հետաձգել, որոնցից առաջին տարբերակին նախագահի թեկնածուն դեմ է: «Իսկ 2 շաբաթը, ուզեմ, թե չուզեմ, պետք է հետաձգվի»,- նշել է նա: Եթե ՀՀ Սահմանադրական դատարանը Պարույր Հայրիկյանի համար հարուցված խոչընդոտները որակի որպես անհաղթահարելի, և նախագահական ընտրությունները հետաձգվեն, մի շարք հարցեր պարզաբանման կարիք կունենան, այդ թվում՝ այն, թե ինչ է անելու ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հացադուլով՝ ներկայացնելով իր պահանջները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր կարծիքը հայտնեց ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու հարցի վերաբերյալ: Նա նշեց, որ այդ հարցն արդեն հստակեցված է. Հայրիկյանը հայտնեց, որ դիմելու է ՍԴ, օգտագործելու է ՀՀ նախագահական ընտրությունները հետաձգելու իր իրավունքը, ուստի այստեղ քննարկելու որևէ հարց չկա, ՍԴ-ն պետք է տա գնահատական՝ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը հանդիսանո՞ւմ է անհաղթահարելի խոչընդոտ, թե՞ ոչ: Նախագահի թեկնածուի խոսքով՝ Պարույր Հայրիկյանը գտնվում է հիվանդանոցում, առնվազն տաս օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ, ուստի այստեղ հարց չի տեսնում:

Հարցին՝ ընտրությունների հետաձգման պարագայում պատրա՞ստ է շարունակել հացադուլը, պատասխանեց, որ կշարունակի: «Եթե ես մտահոգություն ունենայի, որ կվնասեմ իմ առողջությանը, ես չէի սկսի հացադուլ, ո՞ր հացադուլ անողն է մտահոգված իր առողջությամբ, այսպես չի լինում: Երբ մարդը հայտարարում է հացադուլ, նշանակում է նա ունի սկզբունքային անհամաձայնություն ինչ-որ քաղաքական իրողության հետ, բնականաբար, առողջության հարցը երկրորդական է: Ես շարունակելու եմ իմ հացադուլը մինչև իմ պահանջները կատարվեն՝ երկրում քաղաքական իրողությունը փոխվի, միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը»,- մեկնաբանեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ եզրափակելով, որ իր պահանջը մինչև ընտրական գործընթացի ավարտն արդիական է:

Հիշեցնենք, որ քարոզարշավի առաջին իսկ օրից՝ հունվարի 21-ից, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերջ տալ շինծու ընտրություններին, իսկ միջազգային դիտորդներից՝ կասեցնել իրենց առաքելությունը Հայաստանում: Դրանից մեկ շաբաթ առաջ նա պահանջել էր իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի հրաժարականը ընտրապայքարից, սակայն ԿԸՀ-ն դիմումը մերժել էր: