Կանադայի խորհրդարանը պաշտպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում երկրի առաքելությունն ընդլայնելու եւ Սիրիայում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու կառավարության պլանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք չենք կարող մի կողմ մնալ, քանի դեռ ԻՊ-ն շարունակում է ահաբեկչություն իրականացնել Կանադայում, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների դեմ: Նաեւ մենք չենք կարող ԻՊ-ին թույլ տալ խաղաղ հանգրվան գտնելու Սիրիայում»,- երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի խոսքը մեջբերել է CBC հեռուստաալիքը:

 

Նոր պլանի համաձայն՝ ԻՊ-ի դեմ Կանադայի առաքելությունը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի մարտի 30-ը:

 

Ինչպես հեռուստաալիքին հայտարարել է կառավարության բարձրաստիճան աղբյուրը, Կանադայի ռազմաօդային ուժերը զինյալների դիրքերին կարող են սկսել հարվածներ հասցնել առաջիկա օրերին:

 

Ավելի վաղ տեղեկացվել է, որ նոր պլանի շրջանակներում Կանադան պատրաստվում է մեծացնել գործողությանը մասնակցող զորակազմը: Այժմ Իրաքի հյուսիսում տեղաբաշխված են շուրջ 70 կանադացի զինծառայողներ, իսկ ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումներին մասնակցում են Կանադայի օդուժի վեց ինքնաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: