Costa Concordia զբոսանավում, որը 2012 թվականին խորտակվել է Իտալիայի ափերի մոտ, կոկաինի խոշոր խմբաքանակ է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է իտալական La Republica-ն, որի տրամադրության տակ հայտնվել է մաֆիայի բանակցությունների ձայնագրությունը:

 

«Նդրագենտա» խմբավորման պարագլուխները բանակցությունների ձայնագրության մեջ քննարկում են զբոսանավի խորտակումը եւ թմրանյութերի այն խմբաքանակը, որը գտնվում էր նավի վրա: Ձայնագրությունն արվել է իտալական ֆինանսական ոստիկանության կողմից, որը թմրառեւտրի դեմ պայքարի շրջանակներում կալանավորել է «նդրագենտայի» 20 անդամի:

 

Հետաքննությունը կապված է Հարավային Ամերիկայից մեծ խմբաքանակներով կոկաինի մատակարարումների հետ, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, սննդամթերքի տեսքով զբոսանավեր էին բեռնվում Դոմինիկյան Հանրապետության Պերուի, Պանամայի եւ Ֆլորիդայի նավահանգիստներում: Հետաքննության վարկածով, զբոսանավի անձնակազմի անդամները օգնում էին Costa Concordia անցկացնել քրեական բեռը: Ընդսմին նավի խորտակումից հետո այն այդպես էլ չհայտնաբերվեց:

 

Ինչպես պնդում է La Republica-ն, թմրանյութերի մաքսանենգության համար մաֆիան, բացի Costa Crociere ընկերության նավերից, որին պատկանում էր Costa Concordia-ն, օգտագործել է նաեւ Norwegian Cruise Lines եւ MSC Cruises ընկերությունների զբոսանավերը, որոնք նավարկում են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների միջեւ:

 

Costa Concordia-ն խորտակվել է 2012 թվականի լույս հունվարի 14-ի գիշերը, երբ նավը խութերի բախվեց՝ չափից ավելի մոտենալով Ջիլիո կղզու ափին: Նավի վրա եղել են շուրջ 4,2 հազար ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ: Աղետի հետեւանքով զոհվել է 32 մարդ:

 

2014 թվականի հուլիսին նավը քարշակվել է Ջենովայի նավահանգիստ եւ այժմ օգտահանման գործընթացում է: Costa Concordia-ի խորտակման հետեւանքով վերջին զոհվածի մնացորդները հայտնաբերվել են անցյալ տարվա նոյեմբերին:

 

2015 թվականի փետրվարին Իտալիայի Գրոսետո քաղաքի առաջին ատյանի դատարանը Costa Concordia-ի հրամանատար Ֆրանչեսկո Սկետինոյին մեղավոր է ճանաչել նավի խորտակման մեջ եւ նրան դատապարտել է 16 տարվա ազատազրկման: