Թուրքիայի տարածքում էլեկտրամատակարարման զանգվածային խափանումը կաթվածահար է արել կյանքը երկրի մեծ մասում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացննում է թուրքական «Զաման» պարբերականը: Էլեկտրականությունն անջատվել է երկրի 79 նահանգում' բացառությամբ Վանի և Հաքքարիի: Կատարվածը 1999 թվականի երկրաշարժից հետո էլեկտրամատակարարման ամենամասշտաբային խափանումն է, որը կտևի առնվազն 3-4 ժամ:

 

Կատարվածի հետևանքով Թուրքիայում դադարեցրել են մետրոների, տրամվայների երթևեկությունը: Հայտնի է, որ շատ քաղաքացիներ մնացել են մետրոյում փակված: Քոնիայից Անկարա ուղևորվող ճեպընթացը մնացել է կես ճանապարհին: Էլեկտրականության բացակայության պայմաններում լուսացույցները ևս դադարել են աշխատել, ինչը մեծ խցանումներ է առաջացրել խոշոր քաղաքներում: Երկրի տարբեր մասերում դադարեցվել է տարբեր կառույցների աշխատանքը:

 

Թե որն է էլեկտրամատակարարման խափանման պատճառը, դեռևս հայտնի չէ: Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօլուն այս առթիվ նշել է, որ իրենք քննարկում են ահաբեկչության հավանականությունը: