Թուրքիայի ամբողջ տարածքում այսօր առավոտից հոսանքազրկման իրական պատճառները դեռևս անհայտ են մնում: Սակայն այդ երկրի Էլեկտրիկ- ճարտարագետների պալատը (EMO) արդեն հանդես է եկել ամենահավանական երկու վարկածով, որոնցից առաջինով ենթադրվում է, որ «էլեկտրաէեներգիայի ցածր գնի պատճառով» որոշ մասնավոր էլեկտրակայաններ դադարել են էլեկտրաէներգիա վաճառել, մյուս վարկածով ենթադրվում է, որ «անորակ էլեկտրաէներգիա արտադրելու» պատճառով Եվրամիությունը Թուրքիային հանել է Եվրոպայի enterconnekte էներգահամակարգից:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

 

Խոսելով Թուրքիան կաթվածի ենթարկած հոսանքազրկման պատճառներից՝ EMO-ի տնօրեն Էմրե Մեթինը թերթի հետ զրույցում ասել է. «Թուրքիայի էլեկտրահամակարգը ENTSO-E ցանցով միացված է Եվրոպայի էլեկտրահամակարգին: Սակայն համակարգում հաճախ ծագող վթարների վերացման մեջ մեծ ուշացումներ թույլ տալու պատճառով Թուրքիան հաճախակի է զգուշացումների ենթարկվել: Նման մեկ վթար էլ տեղի էր ունեցել երեկ: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան հանվել է Եվրոպական էլեկտրահամակարգից, ինչի պատճառով որոշ էլեկտրակայաններ ավտոմատ կերպով դուրս են մնացել, առաջացել են տեխնիկական այլ վթարներ, որոնք վերացնելու համար երկար ժամանակ պետք կլինի»:

 

 

EMO-ի տնօրենը նաև հավելել է, որ Թուրքիայում էլեկտրաէներգամատակարարման վթարի իրական պատճառները կարող է հրապարակել միայն TEIASH ընկերությունը, ով պատասխանատու է դրանում:

 

 

Այսօր առավոտյան էլեկտրականությունն անջատվել է Թուրքիայի 79 նահանգներում՝ բացառությամբ Վանի և Հաքքարիի, որոնք էլեկտրաէներգիա են ստանում Իրանից: 1999 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո դա էլեկրամատակարարման ամենամասշտաբային խափանումն է այդ երկրում: Հոսանքազրկման պաճառով կյանքը Թուրքիայում կանգ է առել:

 

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ քննարկվում է նաև ահաբեկչութւյան վարկածը: