Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը վերանվանել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատության:

 

 

Միաժամանակ, 2015-2016թթ. ընթացքում ստեղծվող խնամքի հաստատություն կտեղափոխվեն Խարբերդի մասնագիտացված մանկատան 18 տարին լրացած 180 սաները' համապատասխան թվով աշխատակազմի հետ միասին: Նույն չափով կնվազեցվեն Խարբերդի մասնագիտացված մանկատան խնամվողների և աշխատողների թվաքանակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում:

 

 

Միաժամանակ աշխատանքներ են տարվելու գիշերօթիկ հաստատությունում ներկա դրությամբ բնակվող երեխաների ընտանիքների հետ, ինչպես նաև կատարվելու է երեխաների կարիքների գնահատում, արդյունքում' երեխաների գնահատված կարիքներին համապատասխան նրանք կտեղավորվեն այլ հաստատություններում կամ կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ:

 

 

Խարբերդի մասնագիտացված մանկատնից չափահաս դարձած սաների տեղափոխությունը ևս կիրականացվի նրանց կարիքների գնահատման և ընտանիքների ուսումնասիրության հիման վրա:

 

 

 

Ստեղծվող Խնամքի հաստատությունում խնամվողները ապահովվելու են կացարանով, անկողնային և անձնական սպիտակեղենով, հագուստով, կոշկեղենով, օրը երեք անգամյա սննդով, համապատասխան տնտեսական և հիգիենիկ պարագաներով, էրգոթերապիայի /աշխատանքային թերապիա/ և արտթերապիայի /արվեստի թերապիա/ համար անհրաժեշտ պարագաներով և նյութերով, ինչպես նաև կենսապահովման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

 

 

Համապատասխան մասնագետների միջոցով նրանց կտրամադրվեն բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության ծառայությու ններ: Խնամվողները կկարողանան ազատ հանդիպել իրենց հարազատների և ընկերների հետ: Նրանց համար կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ: Խնամքի տանը կլինի նաև սոցիալական սպասարկողի և մասնագիտացված բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն: