Ստամբուլում անչափահաս Բերքին Էլվանի սպանության գործը քննող դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի շուրջ 9 ժամ տևած պատանդառությունն ավարտվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, թուրք իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում երկու ահաբեկիչները սպանվել են, իսկ ծանր վիճակում հիվանդանոց տարված դատախազի կյանքը փրկել չի հաջողվել:

 

Ծայրահեղականների հետ մի քանի ժամ տևած բանակցությունների ընթացքում երեկոյան շենքում պայթյուն է որոտացել, որին հաջորդել են 20-25 կրակոց, ապա' երկրորդ պայթյունը: Թուրք իրավապահները մտել են այն սենյակ, որտեղ պահվում էր դատախազը և չեզոքացրել են ահաբեկիչներին: Գործողությունների ընթացքում Սելիմ Քիրազը գլխից, որովայնի և կրծքավանդակի հատվածներում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մոտ մեկ ժամ տևած վիրահատական միջամտությունից հետո նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 

Բերքին Էլվանը Ստամբուլի կենտրոնի Գեզի այգում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ մնացել էր ոստիկանության նետած գազային նռնակների տարափի տակ: Նա գազային նռնակի պայթյունից հայտնվել էր կոմայի մեջ և հիվանդանոցում մահացել ամիսներ անց: Երեխայի մայրը պատմել էր, որ նա տնից դուրս էր եկել խանութից հաց գնելու համար:

 

Մարտի 31-ին դատախազին պատանդ վերցրած երկու ծայրահեղականները պահանջում էին բացահայտել այն ոստիկանին, ում պատճառով զոհվել էր անչափահաս տղան: Նրանք հայտարարել էին, որ պատրաստ են գնալ մինչև վերջ իրենց նպատակին հասնելու համար:

 

Լուսանկարը' mirror.co.uk