ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր' ապրիլի 1-ին, խորհրդակցություն է հրավիրել ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության»,,նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, նախարարի խսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համապատասխան ծրագրեր և սերտորեն համագործակցել պետական հատվածի հետ: Նախարարը նաև հավելել է, որ միությունների գործունեության ակտիվացումը բխում է նաև պետության շահերից' նկատի ունենալով Հայաստանի' Եվրասիական տն տեսական միությանը անդամակցելու հանգամանքը:

 

 

Հանդիպմանը քննարկվել են նաև վերամշակող ճյուղի ներկա խնդիրները, որոնց թվում առանձնապես կարևորվել է հայկական վերամշակող ընկերությունների արտադրանքի որակի բարելավումը, ինչը թույլ կտա ապահովել տեղական արտադրության մրցունակությունը ԵՏՄ երկրներում:

 

 

Անդրադառնալով հանրապետությունում վերջին տարիներին անասնագլխաքնակի աճին և դրանից բխող մսամթերքի արտադրության ծավալների ավելացմանը' նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև տեղական մսի իրացման, ինչպես նաև տեղական մսամթերքի արտահանման խնդրի կարևորությանը:

 

 

Քննարկմանը վերստին հաստատվել է, որ այս տարի ևս վերամշակող կազմակերպությունները պատրաստ կլինեն մթերել գյուղացիներից ամբողջ արտադրանքը: