Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը:

 

Հանդիպման մասնակցիները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար: Այնուհետեւ ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հարցեր: Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մինչ օրս որեւէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: