«Իսլամական պետությունը» վերահսկողություն է հաստատել Դամասկոսի հարավում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբարի մեծ մասի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսլամիստները կոտրել են զինված այլ խմբավորումների դիմադրությունը, և բախումներ են սկսվել նրանց հետ: Բախումների հետևանքով «Բեյթ ալ Մակդաս» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց ձեռքն են վերցրել Յարմուք ճամբարի ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը:

 

Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ գրասենյակի անդամ Անուար Ռաջան նշել է, որ ճամբարում տեղի ունեցող զարգացումները բավական վտանգավոր են, ապա պարզաբանել, որ ճամբարն ավելի քան երկու տարի ավերվում է, իսկ բնակիչները' տեղահանվում: Նա պաղեստինյան խմբավորումներին կոչ է արել միասնական ուժերով հանդես գալ՝ մաքրելու ճամբարը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետությունը» ներխուժել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբար: Ահաբեկիչներն այնտեղ մուտք են գործել Հաջր ալ Ասուադ շրջանից:

 

Սիրիական բանակը նախօրեին ամբողջությամբ վերահսկողություն էր հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանիի արևմտյան լեռների վրա՝ այնտեղ ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերջին հավաքատեղիները: