«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև ազգային հավաքականի՝ Ալբանիայից կրած պարտությանը և Շալանդի հրաժարականին:

«Հետաքրքիր ձևով պատրաստվեցինք խաղին, լավ վերլուծել էինք հակառակորդին, ուժեղ և թույլ կողմերը։ Շատ մոտ էինք հաղթանակին, բայց, ինչպես միշտ, ինչ-որ մի բան չբավականացրեց։ 1-0 հաղթելուց հետո կարմիր քարտ ստացավ Հովհաննես Համբարձումյանը, որը չպետք է լիներ իմ կարծիքով։ Դա բեկեց ողջ խաղի ընթացքը։ Դրվագներից երկրորդում կարելի էր դեղին քարտ ցույց տալ հարձակումը կանխելու համար, բայց ոչ առաջինում։ Արդյունք ապահովելը մարզչի գործն է, եթե դա չի հաջողվում, հատկապես ազգային հավաքականի ղեկին, մտածել է պետք։ Ինչպես գիտենք նման պայմանավորվածություն կար, որ անհաջողության դեպքում Շալանդը հրաժարական է տալու։ Ո՞ւմ կցանկանայիր ապագայում տեսնել ազգային թիմի ղեկին: Իմ ցանկանալը շատ քիչ է։ Մասնագետները կորոշեն, թե որ մարզիչն ավելի շատ օգուտ կարող է բերել մեր հավաքականին։ Նախապատվություններ ունեմ, բայց չէի ցանկանա բարձրաձայնել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը: