Ձվի, ձկան, բրնձի և Զատկին հարիր այլ սննդամթերքի գներն այս տարի լուրջ փոփոխություններ չեն կրել:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկեց և ասաց, որ 4 անդամից բաղկացած ընտանիքը կարող է 10 հազար դրամով նշել Սուրբ Հարության տոնը: «Ձվի շուկան այս տարի կարծես թե վերահսկողության տակ է, և գնի բարձրացում չկա: Եթե Զատկի ընթրիքին օգտագործենք միայն բրինձ, գինի, ձուկ և ներկած ձվեր, ապա հնարավոր կլինի ոչ մեծ ծախսեր կատարելով նշել տոնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ադիբեկյանը: Նա հավելեց, որ Հայաստանում կրոնական տոներ նշելը չի ենթադրում մեծ ծախսեր, ի տարբերություն, օրինակ, Ամանորի:

 

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտնեց, որ թռչնաբույծները հավաստիացրել են' ձվի դիֆիցիտ չի առաջանա, իսկ իրենք էլ խանութներին ձու կմատակարարեն 3 դրամով ավելի էժան գնով: «Նախորդ տարիներին մենք տեսնում էինք հակառակը' ձու չէր լինում խանութներում, և հերթեր էին առաջանում: Ձվի դեֆիցիտը ծածկելու համար ներկրումներ էին կատարվում: Սակայն այս տարի շուկան վերահսկվում է, և ներկրված ձու չկա»,- ասաց նա:

 

Բանախոսներն անդրադարձան նաև ձկան շուկայում գների փոփոխությանը' նկատելով, որ այս տարի ձուկը բավականին մատչելի է, քան նախորդ տարիներին: