Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները ապրիլի 2-ին Դուշնաբերում հայտարարություն են ընդունել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա մոտեցող տոնակատարության կապակցությամբ, փաստաթղթում խոսվում Է դրա արդյունքների խեղաթյուրման եւ վերանայման անթույլատրելիության, ինչպես նաեւ նացիզմի հերոսացման վտանգավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին:

 

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները կտրականապես չեն ընդունում եւ վճռականորեն դատապարտում են պատմության վերափոխման, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման նպատակով գործադրվող ջանքերը»,-ասված Է հայտարարության մեջ:

 

Նախարարները նշել են, որ Հաղթանակին հաջողվել Է հասնել միայն բազմաթիվ ժողովուրդների ջանքերի միավորման շնորհիվ: Ուստի եւ անթույլատրելի են համարում նացիզմը եւ ռազմաշունչ ազգայնամոլությունը հերոսացնելու փորձերը:

 

«Գտնում ենք, որ նացիզմին հաղթած երկրները պետք Է ըստ ամենայնի խոչընդոտեն նեոֆաշիզմի, շովինիզմի եւ այլատյացության այլ ձեւերի դրսեւորմանը, ինչպես նաեւ արմատական նացիոնալիզմի տարածմանը, այդ թվում՝ երիտասարդության շրջանում»,-ընդգծվում Է փաստաթղթում:

 

Նախարարները կոչ են արել համաշխարհային հանրակցությանը՝ հարգել եւ պաշտպանել հետպատերազմյան միջազգային-իրավական փաստաթղթերի սկզբունքները, որոնք նպատակամղված են պատերազմների սանձազերծման, պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության ակտերի ու կտտանքների կանխմանը: