Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Մշակութային եւ բնական արժեքների պահպանության մասին» օրենքի հիման վրա հարուցված քրեական գործի հետ կապված՝ պոլսահայ հայտնի գրող եւ հասարակական գործիչ Սեւան Նիշանյանի բողոքը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Նիշանյանի գործը տեղափոխվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

 

 

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժումը հիմնավորել է այն բանով, որ Նիշանյանի դատավարության մեջ, իբր, կամայականություն չի եղել եւ նրա բողոքը «ակնհայտերոն անհիմն է»:

Նիշանյանի փաստաբան Էրգին Զինմենը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայում արդեն սպառվել են այն բոլոր ատյանները, որոնք կարող էին հարցը լուծել արդարացիորեն, եւ այժմ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին դիմել ՄԻԵԴ:

 

 

Ս.Նիշանյանը Թուրքիայում հայտնի «Նիշանյանի տներ» հյուրանոցային համալիրի սեփականատերն է: Թուրքիայում նրա դեմ դատական գործ է սկսվել այն պնդմամբ, թե իբր, հյուրանոցային համալիրը կառուցել է «բնապահպանական գոտում», այն դեպքում, երբ այդ հողատարածքը նրա սեփականությունն է:

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ հողատարածքում գտնվող հին շինությունները «ապօրինի» վերակառուցելու համար: Այդ շինծու մեղադրանքներով հայ մտավորականը դատապարտվել է 14 տարի 2 ամիս ազատազրկման:

 

 

Ս.Նիշանյանը Թուրքիայի միակ քաղաքացին է, ով այդ երկրում դատապարտվել է «Շինարարության մասին օրենքը» եւ «Մշակութային եւ բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով եւ նետվել փակ ռեժիմով բանտ: