Ավագ շաբաթը քրիստոնյաների կյանքի կարևորագույն շրջանն է, որը կոչվում է նաև չարչարանաց շաբաթ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի պատգամն է, որ այս շրջանում մարդիկ ներեն իրար, գժտվածները հաշտվեն, միմյանց փոխադարձաբար հասկանան: «Ավագ հինգշաբթի օրվանից է սկսվում մեր տերունական ճանապարհորդությունը' Վերջին ընթրիքի խորհրդի հաստատումը, Ոտնլվա, Մատնության գիշերը, որը տեղափոխվում է նաև ավագ ուրբաթ: Այնուհետև խաչելության և թաղման խորհուրդներն են, ճրագալույց, որից հետո սպասելու ենք մեծ Հարությունը դիմավորելուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Բագրատ Սրբազանը:

 

Անդրադարձ կատարելով մեր օրերին' Սրբազան Հայրը շեշտեց, որ շատ բան չի փոխվել Քրիստոսի ժամանակներից, երբ Տերը մատնվեց հացով և համբույրով:

 

«Այս մեկ շաբաթը հետևում էի մամուլին, պետք է ասեմ, որ հարցականների առջև եմ ինքս ինձ հայտնաբերել: Զարմանալիորեն ավագ շաբաթի այս ողջ ընթացքում առօրեականից դուրս ոչինչ չի արվում: Կան շրջաններ, որոնցում մեր կյանքի արտահայտությունները պետք է փոխվեն, իսկ այս ընթացքը մեր ամենօրյա կյանքից դուրս պահանջներ ունի մեզ: Եթե ցանկանում ենք ճշմարտության քարոզ անել, հասարակության առողջությունն ու հոգևոր ընկալումը մեծացնել, սովորականից դուրս քայլեր պետք է անենք»,-ընդգծեց հոգևորականը: Նա կոչ արեց չզբաղվել ինքնահնար քրիտոնեությամբ: «Հարության առանցքը կազմում է Քրիստոսը, եթե չկա Քրիոստոսի անձը, մնացած բաներն ունայն են: Արժեքներն իմաստ չեն ունենա, եթե անձը գոյություն չունի»,-հավելեց Սրբազանը:

 

Պահեցողության շրջանում զանազան կերակուրներից հրաժարված հավատացյալներին Տ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ տվեց այն ավարտել Հաղորդություն ստանալով: «Իմ խորհուրդն է, որ մեր ժողովուրդը շաբաթ երեկո կամ կիրակի առավոտյան, ովքեր հատկապես գտնվել են պահեցողության ճանապարհորդության մեջ, գնան եկեղեցի, Տիրոջ Հարության ավետիսը իրար փոխանցեն, հաղթանակի զգացումով լինեն, ստանան հաղորդությունն ու Տիրոջ լույսը տանեն իրենց տները»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Զատկի օրը տոնելու ժողովրդական ավանդույթներին' Բագրատ Սրբազանը նկատեց, որ մարդիկ այն կապում են ձու ներկելու, տարատեսակ ուտելիքներ պատրաստելու և ընտանիքով սեղանի շուրջ հավաքվելու հետ, ինչը լավ ավանդույթ է ու պետք է պահպանել: Բագրատ Սրբազանը փաստեց, որ շատացել են մարդիկ, ովքեր եկեղեցուց լույս են տանում իրենց տները: «Ոմանք գիտակցաբար են դա անում, ոմանք' անգիտակցաբար, բայց շարժումը տեսնում եմ դեպի լույսը գնալու»,-ավելացրեց Սրբազանը:

 

Սուրբ Զատկի օրերին եկեղեցականները տարբեր այցելություններ կունենան խոցելի խավերի ընտանիքներին, զորամասեր, տնօրհնեքի արարողություն կանցկացնեն: