«Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին' տեղեկացնելով, որ կենտրոնի կողմից յուրաքանչյուր ամիս հրատարակվում են «Ինֆորմացիոն տեղեկագրեր», որտեղ նշվում են մի շարք շինարարական ապրանքների կողմնորոշիչ գները։ Գների մասին տեղեկատվությունը ամսական կտրվածքով տրամադրվում են տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարողների կողմից՝ կամավոր հիմունքներով։ Կենտրոնը նշել է, որ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան»-ը հանդիսացել է մի շարք շինարարական ապրանքների միակ գին տրամադրողը։ Ընդ որում, պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի որոշման ժամանակ կողմնորոշիչ գները սահմանելիս հիմք են ընդունվել հենց այդ տեղեկագրերը:

 

Գործարանի կողմից տրամադրվող թվով 15 ապրանքատեսակների կողմնորոշիչ գները 1 տարվա կտրվածքով աճել են մինչև 75 %-ով, ինչի հետ կապված «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան»-ը որևէ հիմնավորում չի ներկայացրել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել վերոնշյալ ոլորտում և արձանագրել է ապրանքների կողմնորոշիչ գների չհիմնավորված աճ, սակայն, փաստացի իրացում դեռևս չի եղել։ Հետևաբար, ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ առկա չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքները որոշելիս հիմք են ընդունվում հենց այդ տեղեկագրերում նշված գները, ապա, ըստ Հանձնաժողովի, այստեղ առկա է «Գնումների մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման ռիսկ: Հետևապես Հանձնաժողովը գնումների ոլորտի լիազոր մարմին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ արձանագրված խնդիրներին ընթացք տալու նպատակով։