Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Լոզանում ապրիլի 2-ին Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ:

 

 

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ- ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։

 

 

Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։