Ահաբեկչությունն անցնող շաբաթվա ընթացքում լարվածության մեջ պահեց ամբողջ Թուրքիան: Թուրք ծայրահեղականների կողմից մեկը մյուսի հետևից իրականացված գործողությունները օրեր շարունակ ոչ միայն թուրքական, այլև միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էին: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անցուդարձին և ներկայացնում է ամենաուշագրավ իրադարձությունները:

 

Շաբաթվա սկզբում երկիրը ցնցվեց Ստամբուլի հանրապետական դատախազի պատանդ ընկնելու մասին լուրից. թուրքական ձախ արմատական խմբավորումը պատանդ վերցրեց 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չտվեցին. թուրքական իրավապահ մարմինները իրականացրեցին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվեցին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

 

Նույն օրը՝ ապրիլի 1-ին Ստամբուլի Քարթալ արվարձանում զինված հարձակում տեղի ունեցավ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա, որի ընթացքում զինված երկու անձ ներխուժել էին AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել էին դուրս գալ շենքից, հետո բարձրացել 7 հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը և կախել թրի պատկերով թուրքական դրոշ: Ոստիկաններին, սակայն, հաջողվել էր չեզոքացնել հանցագործներին:

 

Այսքանով, սակայն, Ստամբուլի ահաբեկչական դեպքերը չավարտվեցին: Նոր զոհեր գրանցվեցին Ստամբուլի անվտանգության վարչության շենքի վրա երկու անհայտ անձի զինված հարձակման հետևանքով: Ոստիկանության և զինված անձանց միջև կրակահերթի հետևանքով հարձակվողներից մեկը սպանվել էր, իսկ մեկ ոստիկան' վիրավորվել: Սպանված հարձակվողը կին-մահապարտ էր, ում վրա ամրացված պայթուցիկները հատուկ ջոկատայինների կողմից չեզոքացվել էին:

 

Թուրքիայի 81 նահանգներից 79-ը մարտի 31-ին ամբողջությամբ հոսանքազրկվեց: Կատարվածը գնահատվեց որպես 1999 թվականի երկրաշարժից հետո էլեկտրամատակարարման ամենամասշտաբային խափանում: Հոսանքազրկման հետևանքով Թուրքիայում դադարեցրվել էր մետրոների, տրամվայների երթևեկությունը: Հայտնի է, որ շատ քաղաքացիներ մնացել էին մետրոյում փակված: Էլեկտրականության բացակայության պայմաններում լուսացույցները ևս դադարել էին աշխատել, ինչը մեծ խցանումներ է առաջացրել խոշոր քաղաքներում: Հոսանկքազրկմա ն հետևանքով երկիրը մեկ ժամվա ընթացքում ունեցել էր 100 մլն ԱՄՆ դոլարի կորուստ:

 

Այս շաբաթ ևս թուրք-իրանական հարաբերություններում առկա լարվածությունն զգացնել տվեց: Հայտնի դարձավ, որ Իրանի ԱԳՆ էր հրավիրվել Թեհրանում Թուրքիայի դեսպանը՝ պարզաբանումներ տալու' կապված Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված քննատական հայտարարությունների հետ' ուղղված Իրանի հասցեին:

 

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով ևս տեղի ունեցան նոր զարգացումներ: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժեց «Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին» օրենքի հիման վրա հարուցված քրեական գործի հետ կապված՝ պոլսահայ հայտնի գրող և հասարակական գործիչ Սևան Նիշանյանի բողոքը: Ի պատասխան Սահմանադրական դատարանի կայացրած որոշման՝ Նիշանյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք գործը տեղափոխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Ամփոփեց Արաքս Կասյանը