Լոնդոնի Heathrow օդանավակայանում երկու ճամպրուկ կանխիկ փողը ձեռքին բռնվել է Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության գլխավոր «հերոսներից», Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայում ճանաչված լրագրող, Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի առաջին տարածաշրջանից խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Բարըշ Յարքադաշը:

 

Նրա խոսքով' Լոնդոնի ոստիկանությունն առգրավել է Է Բագըշի մոտ հայտնաբերված մի քանի միլիոն դոլար կանխիկ գումարը եւ հետաքննություն սկսել:

 

2013թ. դեկտեմբերի 17-ի Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր ներքին գործերի, բնապահպանության, քաղաքաշինության նախարարների որդիների եւ մի շարք գործարարների, այդ թվում' ծագումով ադրբեջանցի, իրանցի գործարար Ռեզա Զարրաբի հետ միասին 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ:

 

Ռեզա Զարրաբի հետ 1,5 մլն դոլ արի կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք էր առաջադրվել նաեւ Թուրքիայի' Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո վերոնշյալ նախարարները հրաժարական են տվել: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հիշյալ նախարարների հետ փոխել էր կառավարության եւս 10 անդամների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել, որոնց մասնակիցները պահանջել էին կառավարության ամբողջ կազմի հրաժարականը:

 

Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: