Միացյալ Նահանգների թուրքական լոբբիստական խմբերը պատրաստվում են նոր բանաձև ներկայացնել ԱՄՆ Կոնգրես, որի նպատակն է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և ստվերել ամերիկյան օրենսդիր մարմնում ներկայացված մյուս հայանպաստ բանաձևերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նոր փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատին առաջադրելու է կոնգրեսական Քուրթ Քլոուսոնը: Այն Նախագահ Բարաք Օբամային առաջարկում է նախագահական աշխատանքային խումբ ստեղծել' հայ-թուրքական կառուցողական, կայուն, ամուր և անաչառ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սակայն բանաձևում դուրս է մղված 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակելու հարցը: Հատկանշական էր, որ այս մասին լուրը լայնորեն լուսաբանվել է հատկապես թուրքական լրատվամիջոցների կողմից:

 

«Նոր բանաձևի ողջ նպատակն է խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները: Մենք տեսել ենք այդ փաստաթուղթը, և դա շատ հստակ երևում է: Վաշինգտոնում նոր թուրքական կազմակերպություն է հինադրվել, որի հասարակայնության հետ կապերի ղեկավարն է նախկին կոնգրեսական Քոննի Մաքը, ով ժամանակին զբաղեցնում էր Քլոուսոնի տեղը ԱՄՆ Կոնգրեսում: Հենց նրա զորակցությամբ էլ Քլոուսընը ընտրվել է որպես կոնգրեսական»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

 

Ապրիլի 3-ին ամերիկյան հայտնի Wall Street Journal օրաթերթն իր բլոգում հոդված է հրապարակել, որտեղ նույնպես նշվում է, որ բանաձևի հետևում կանգնած է «Հանուն առաջընթացի» թուրքական ինստիտուտը, որ հիմնադրվել է այս տարվա սկզբին:

 

«Կոնգրեսական Քլոուսոնի միջնորդությունը դուրս է մղում Հայոց ցեղասպանության որևէ հիշատակում, որը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ինչն անսկզբունքային և ոչ էլ գործնական է», - Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը' հավելելով, որ «Ցեղասպանության հարցը կանգնած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հենց կենտրոնում»:

 

Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը թերթի հետ զրույցում նշել է, որ ինչպես որևէ արժանահավատ վկայություն չկա, որ Հոլոքոստը տեղի չի ունեցել, այնպես էլ որևէ արժանահավատ վկայություն չկա, որ Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել:

 

Քուրթ Քլոուսոնն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ առաջին անգամ ընտրվել է 2012 թվականին, և հիմա երկրորդ կոնգրեսական շրջանն է անցնում: Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով' կոնգրեսական գործունեության իր առաջին շրջանում նա հայկական հարցերում դեմ կամ կողմ կարծիք չի հայտնել: