«Ձեզ համար, կանայք» առողջության պահպանման ակցիայի մասնակցիների թիվը տարեցտարի ավելանում է, որը վկայում է առողջապահական առաջնային օղակի հանդեպ վստահության մասին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին մայրաքաղաքի բուժհաստատություններ կատարած այցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

 

 

Արդեն չորրորդ շաբաթն է Երևանի բուժական հաստատություններում ընթանում է «Ձեզ համար, կանայք» առողջության պահպանման ակցիան։ Չորրորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ է դիմել 6 հազար 425 կին, որոնցից 4 հազար 811-ը հետազոտվել է տեղում, 723-ը՝ ուղեգրվել վահանաձև գեղձի նեղ-մասնագիտական հետազոտության: Եվս 223 կին ուղեգրվել է ստացիոնար բուժման, 23-ը՝ համակարգչային տոմոգրաֆիայի։ Այս շաբաթ ակցիայով վիրահատվել է 185 կին։

Քաղաքապետի տեղակալը ծանոթացել է ակցիայի ընթացքին ու արդյունքներին, զրուցել քաղաքացիների հետ։

 

 

«Ակցիայի մեկնարկի առաջին օրից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար այցելում ենք բուժհաստատություններ։ Ձևավորել ենք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք ակցիայի ընթացքին հնարավորինս լավատեղյակ լինել։ Եվ, կարծում եմ, դրա ամենալավ տարբերակը բնակիչների հետ հանդիպումներն են, որոնց ընթացքում լսում ենք բնակիչների առաջարկները, ինչու ոչ՝ նաև անհարթությունների մասին, որոնք, ուրախությամբ պետք է նշեմ, չնչին են։

 

 

Քանի որ ակցիան ամենամյա է, բնակչի առաջարկներն էական են մեզ համար՝ նաև հաջորդ նմանատիպ ակցիաները կազմակերպելու համար։ Փորձում ենք նաև մշակույթ ձևավորել, որպեսզի բնակչությունն ավելի հաճախ դիմի պոլիկլինիկաներ՝ հնարավոր հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու, կանխարգելիչ նպատակով։ Տարեցտարի մասնակցությունը ակցիային ավելանում է. այսօր նկատելի է վստահություն առողջապահական առաջնային օղակի հանդեպ և, կարծում եմ, նաև դրանով է պայմանավորված հաճախելիության թվի աճը»,- նշել է Դավիթ Օհանյանը։

 

 

Երևանի քաղաքապետի տեղակալը բուժաշխատողներին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ մինչև ապրիլի 7-ը ներառյալ ակցիան ուժի մեջ է և որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ուղեգրեր ստացած բոլոր կանայք պետք է անվճար օգտվեն հասանելիք բուժծառայությունից։