Առողջության համաշխարհային օրվան ընդառաջ հայ բժիշկները խորհուրդ են տալիս բնակչությանը պարբերաբեր հետազոտություններ անցնել և հիվանդության նախնական փուլում կանխարգելել դրա զարգացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հայտնեց, որ կանխարգելիչ բժշկության արդյունավետությունն աշխարհում ավելի բարձր է և հորդորեց հաճախակի անցնել բուժզննումներ: Նա նշեց, որ իրենց կենտրոնում կանանց միամսյակի կապակցությամբ գործել են ակցիաներ, և մի քանի հարյուր կին հետազոտվել է շատ ավել ցածր գներով:

 

«Հայտարարված ակցիայի ընթացքում նկատվեց աշխուժություն հատկապես մամոգրաֆիկ հետազոտությունների պարագայում: Մարտի 9-14-ը շուրջ 154 կին անցավ ժապավենային մամոգրաֆիայի հետազոտություն, և նրանցից 14-ի մոտ հայտնաբերվեցին քաղցկեղի դեպքեր: Մեծաթիվ կանայք դիմել էին նաև կրծքագեղձի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի հետազոտության համար: Մեր կենտրոնի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ դիմած յուրաքնչյուր 15-16 կնոջից մեկը հիվանդ է լինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հակոբյանը: Նրա խոսքով' ակցիայի ժամկետները երկարացվելու են մինչև ապրիլի 12-ը, որպեսզի ավելի մեծ թվով կանայք կարողանան անցնել հետազոտությունները: Խաչանուշ Հակոբյանը նաև տեղեկցրեց, որ ապրիլի 16-ին Հայաստան է ժամանելու բժիշկների խումբ Հարվարդի համալսարանից , ովքեր անվճար կսպասարկեն այն քաղաքացիներին, ովքեր ունեն մաշկային նորագոյացություններ:

 

Համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանն էլ նկատեց, որ վերջին տարիներին նկատվում է բուժզննում անցնողների թվի աճ: «Մարդիկ տարեցտարի ավելի զգայուն են դառնում իրենց առողջության հանդեպ: Այս տարի էլ հայտարարված զեղչերի ընթացքում մեծաթիվ մարդիկ անցան հետազոտություններ և ստացան անվճար խորհրդատվություն»,- ասաց նա: Նազարյանը խորհուրդ տվեց բնակչությանը երբեմն հետազոտություններ անցնել վահանաձև գեղձի, շաքարային դիաբետի և այն հիվանդությունների համար, որոնք բնորոշ են այս տարածաշրջանին:

 

Ապրիլի 7-ն Առողջապահության համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է հրավիրել պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների ուշադրությունը առողջապահական խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: