Եմենում հուսիթների շարժման հրամանատարությունն այսօրվա դրությամբ չի կայացրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին որոշում՝ չնայած նրան, որ նրանք ունեն նման հնարավորություն, կարծում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

«Հրամանատարությունը, որը ղեկավարում է Եմենում ռազմական գործողությունները, այս պահին չի կայացրել Բաբ էլ-Մանդաբը (Կարմիր և Արաբական ծովերի միջև նեղուց) փակելու և Սաուդյան Արաբիայում թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին որոշում՝ չնայած նրան, որ նրանք ունեն նման հնարավորություն»,- պատմել է Նասրուլան սիրիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նրա կարծիքով' Սաուդյան Արաբիան չի հասել ոչ մի նպատակի Եմենում ռազմական գործողության ընթացքում: Հակառակը՝ օդային հարվածները եմենցիների մեծ մասին տրամադրել են Սաուդյան Արաբիայի դեմ: Գործողությունը Նասրուլան նկարագրել է որպես «աղետալի ձախողում»:

 

Նասրուլան կարծում է, որ «կուրությունը Սաուդյան Արաբիային բերել է «Ալ-Կաիդայի» և ԻՊ-ի պաշտպանությանը՝ նրանց զենք մատակարարելով, չնայած նրան, որ վերջիններս վտանգ են ներկայացնում Սաուդյան Արաբիայի անվտանգությանը»: