ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել հաքերների նկատմամբ, ովքեր կապ ունեն Սպիտակ տան անվտանգության համակարգերը կոտրելու հետ: Այս մասին հայտնել է CNN-ը:

 

«Այս հանձնարարությունը թույլ է տալիս ԱՄՆ գանձարանի քարտուղարին՝ ԱՄՆ գլխավոր դատախազի և պետական քարտուղարի հետ համատեղ պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են կիբերհարձակումներին, որոնք էլ ստեղծում են լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության և ֆինանսական կայունություն համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս հաքերները ներխուժել են Սպիտակ տան համակարգչային ցանց՝ Պետդեպի միջոցով: Հաղորդվել էր նաև, որ հաքերները ստացել են գաղտնի տեղեկություն, մասնավորապես, ամերիկացի նախագահի ոչ հրապարակային գրաֆիկի մանրամասների մասին: Նման տեղեկությունը բարձր է գնահատվում արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից: