Բրիտանական հեղինակավոր BBC հեռարձակողը կարճ հաղորդում է պատրաստել' նվիրված Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' BBC-ի թղթակից Ռայհան Դեմիտրիեն այցելել է Արցախ և մոտիկից ծանոթացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին: Մոտ երեք րոպե տևողությամբ հաղորդման մեջ պատմվում է Բաղդասարյան-Միրզոյանների ընտանիքի մասին, ում ավագ որդին վ նասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով: Մայրը և փոքրիկ Տիգրանը հանրահաշիվ են սովորում: Ի տարբերություն ավագ եղբոր, Տիգրանը կարող է մատներով հաշվել խնդիրը լուծելու համար: Երկու տարի առաջ ավագ որին՝ Կարենը, ական էր գտել, որը պայթել է նրա ձեռքում և վնասել այն:

 

Ընտանիքի մոր' Լյուդմիլա Բաղդասարյան-Միրզոյանի խոսքով, իրենք ապրում են մշտական վախի մեջ: «Եթե պատերազմ լինի, մենք էլ կտուժենք: Իմ երեխաները կտուժեն: Նրանց չի հուզում՝ մենք մեղավոր ենք, թե ոչ: Նրանք միայն մտածում են, որ մենք հայ ենք և իրավունք չունենք ապրել»,- ասել է Լյուդմիլան:

 

Հայ-ադրբեջանական պատերազմը սկսվել է 1990-ական թվականներին: Չնայած 22 տարվա զինադադարին, առաջին գիծը շարունակում է խիստ ռազմականացված մնալ: Փոխհրաձգությունները և մարդկային կորուստները հաճախակի բնույթ են կրում: Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակել է անկախ հանրապետություն: Այն ունի սեփական կառավարությունը, համալսարանը և անգամ միջազգային օդանավակայան: Սակայն իրականում Ղարաբաղի ժողովուրդը մեկուսացված է արտաքին աշխարհից, քանզի չի ճանաչվել աշխարհի մեծ մասի կողմից:

 

«Երբ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվում բանակցությունների ոլորտից, շատ հեշտ է ասել, որ սա ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային վերահաստատման հակամարտություն է, և շատ հեշտ է Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր: սակայն իրականությունն այն է, որ սա պայքար է հանուն ազգային ինքնորոշման»,- BBC-ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

 

Սա նաև ինքնապահպանման պայքար է: Դպրոցում Տիգրանը և նրա ընկերները սովորում են չանել նույն սխալը, որ նրա եղբայրն էր արել: Դեռևս հարյուրավոր ականներ «թաքնված են» տարածքում: