Անցյալ տարի խորտակված հարավկորեական «Սեւոլ» լաստանավը ծովի հատակից բարձրացնելու համար կպահանջվի ավելի քան 120 մլրդ վոն (110 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կորեայի Հանրապետության (ԿՀ) ծովային գործերի եւ ձկնորսության նախարարությունը:

 

Իսկ ընդամենը, ըստ այս գերատեսչության գնահատումների, ողբերգության բոլոր հետեւանքների ամբողջական վերացման համար կպահանջվի ավելի քան 550 մլրդ վոն (504 մլն դոլար):

 

«Կառավարությունն արդեն 185,4 մլրդ վոն (169,9 մլն դոլար) Է ծախսել որոնողա-փրկարարական գործողությունների, ինչպես նաեւ տուժածների եւ զոհվածների ընտանիքներին օգնելու համար»,-նշել են նախարարությունում:

 

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խոստացել Է քննարկել խորտակված «Սեւոլ» լաստանավը ծովի հատակից հանելու հնարավորությունն այն բանից հետո, երբ դա պահանջել են զոհվածների ընտանիքները:

 

Ավելի վաղ «Ռյոնհապ» գործակալությունը հաղորդել Է, որ Հարավային Կորեայի կառավարությունը կսկսի փոխհատուցումներ վճարել «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին:

 

«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:

 

Զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչեւ 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղեւորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչեւ 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սեւոլի» անհայտ կորած ուղեւորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:

 

Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: